Օրեր առաջ «Կոմերսանտ»-ը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան առաջիկա այցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է հուշագրի ստորագրում: Աղբյուրի տեղեկացմամբ, դրանով պիտի երաշխավորվի ռուս մասնագետների մուտքը Պենտագոնի ֆինանսավորմամբ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ:
Լրագրողների խնդրանքով այս տեղեկությունն այսօր՝ նոյեմբերի 1-ին, մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Որևէ այլ բաներ, որոնք վերաբերում են աղբյուրների կողմից արտահայտած մտքերին, մեզ վրա որևէ ազդեցություն չունեն։ Շատ հարմար բան չէ, երբ աղբյուները դուրս են հանում տեղեկություններ և անտեղի քամի են ստեղծում»,- պարզաբանել է ՀՀ ԱԳ ղեկավարը:
Ինչ վերաբերում է գործընկերոջ՝ նոյեմբերին կայանալիք այցի օրակարգին, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այն բավականին լայն է։
«Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության թեմա է։ Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում»,- ընդգծել է նախարարը: