տուն Հասարակություն Անվճար ծրագրավորման դասընթաց՝ COVID-19-ից տուժածներին

Անվճար ծրագրավորման դասընթաց՝ COVID-19-ից տուժածներին

418
0

Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի (COVID-19) հետեւանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաեւ 2020 թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու եւ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

Դասընթացները կազմակերպելու եւ անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝

կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին,

կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,

կձեւավորեն կարողություններ եւ հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,

կզարգացնեն ինժեներական մտածողություն եւ մասնագիտական հետաքրքրասիրություն:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում եւ Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք,  ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից եւ հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:

Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող եւ այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

Ընդունելության առցանց թեստը բաղկացած է լինելու 10 հարցերից՝  5 մաթեմատիկական եւ 5 տրամաբանական (հայերեն եւ անգլերեն լեզուներով)։ Թեստի անցողիկ նվազագույն շեմը Երեւանում գրանցված մասնակիցների համար սահմանված է ընդհանուր միավորների 60%֊ը, իսկ ՀՀ մարզերից եւ Արցախից մասնակիցների դեպքում՝ 50%-ը: Անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում մասնակիցը կարող է կրկին դիմել ծրագրին։

«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ, 2 ժամ տեւողությամբ, խումբը կազմված է լինելու է մինչեւ 30 ուսանողից։

Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) ձեւաչափով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական անձնակազմում ներգրավված ոլորտի մասնագետների միջոցով:

Դասընթացի ավարտին՝ 50% եւ ավելի միավոր ստացած մասնակիցներին կտրամադրվի  ավարտական սերտիֆիկատ, ավելի ցածր միավորի պարագայում՝ ուսանողին կտվի  մասնակցության տեղեկանք։

Ծրագիրը շարունանակական բնույթ է կրում եւ դասընթացները կազմակերպվելու են մինչեւ տարեվերջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ապահովել շուրջ 2000 մասնակիցների համար:

Հայտադիմումը լրացնելու եւ մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ձեւավորված կայք-էջ: