Մարդու սիրտը գերելը հեշտ է, փրկելը՝ աստվածային շնորհ: Այսպիսի շնորհով է օժտված հայ անվանի սրտաբան, կարդիովիրաբույժ, Նորք-Մարաշ ԲԿ-ի մանկական սրտավիրաբուժության բաժնի հիմնադիր, տասնյակ հազարավորների կյանք փրկած Հրայր Հովակիմյանը:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ Հրայր Հովակիմյանը դարձյալ Հայաստանում է: Մոտավորապես մեկուկես ամիս հայտնի սրտաբանը կլինի Հայաստանում, կկատարի սրտի մանկական բարդ վիրահատություններ, ինչպես նաև Նորք-Մարաշ ԲԿ-ում կմասնակցի բժշկական կոնֆերանսների:
Սիրիայում ծնված, ԱՄՆ-ում կրթություն ստացած Հրայր Հովակիմյանն այն հայորդիներից է, որ 1993-ին՝ մեր երկրի ու ժողովրդի համար դժվար տարիներին եկավ Հայաստան, հիմնեց մանկական, ապա 1996-ին նաեւ` մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինները։ 1994 թվականին վիրահատեց առաջին հիվանդ երեխային: Հենց Հրայր Հովակիմյանի պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության շնորհիվ է, որ այսօր աշխարհի տարբեր մասերից Հայաստան են գալիս սրտի խնդիրներ ունեցող բազմաթիվ հիվանդներ` վիրահատության համար:
Հրայր Հովակիմյանը ոչ միայն սրտի բարդ վիրահատություններ է արել, փրկել հազարավոր երեխաների, այլեւ սեփական փորձը այնպիսի նվիրումով է փոխանցել իր աշակերտներին՝ սկսնակ բժշիկներին, որ հետագայում նրանց է վստահել է իր սիրտը. այս անգամ վիրահատողը աշակերտներն էին:
Անմնացորդ նվիրվածությունն ու պատասխանատվությունը հիվանդի կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար այնքան մեծ է, որ մի անգամ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալիս սրտաբանը օդանավակայանից անմիջապես գնացել էր Նորք-Մարաշի հիվանդանոց, 2 շաբաթում բուժել 28 երեխայի, ապա` հիվանդանոցից ուղիղ օդանավակայան. ժամանակը քիչ էր, ամեն ակնթարթը՝ թանկ:
Հրայրը (այսպես է ժողովուրդը սրտաբանին ներկայացնում) այնքան կապված է հայրենիքին, այնքան հաճախ է լինում Հայաստանում, որ գործընկերները նրա բացակայության ժամանակ կատակում են՝ Հրայր Հովակիմյանը ԱՄՆ-ում կարճատեւ արձակորդում է, թեեւ բժիշկն աշխատում է նաև Միացյալ Նահագներում:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Հրայր Հովակիմյանն արժանացել է մի շարք կոչումների՝ Երեւանի պատվավոր քաղաքացի է, ԳԱԱ պատվավոր դոկտոր, արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի, նաեւ`Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: