ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 8-ին ներկա է գտնվել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին։ Գալա ընթրիքին ներկա են գտնվել Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, «Joef Gipsy kings Family» խմբի մենակատար Ջոեֆ Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։
«Այս մեկ տարվա ընթացքում մենք աջակցել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի՝ նրանց դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների և բժշկական այլ ծառայությունների համար տրամադրելով 270 միլիոն դրամ։ Մեր ընկերների, մեր բարերարների, մեր որդեգրած ուղին գնահատողների շնորհիվ մենք շարունակելու ենք կանգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին»,-իր խոսքում ասել է վարչապետի տիկինը:
Աճուրդի ողջ գումարը տրամադրվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։ Ընթրիքի ավարտին, շնորհակալություն հայտնելով կատարված մեծ աշխատանքի համար, Քրիստինա Ազնավուրը «Ազնավուր հիմնադրամի» անունից 10 միլիոն դրամ է նվիրաբերել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին։