Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ժամեր առաջ ընդունած 296-րդ բանաձևը պատմական կարելի է համարել: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 30 տարի առաջ, իսկ փաստաթղթի համահեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը քվեարկության շրջանակում ունեցած իր ելույթի ժամանակ խոստովանեց, որ բանաձևի ընդունման համար պայքարել է շուրջ երկու տասնամյակ: Ինչո՞վ է արժևորվում այս որոշումը, ի՞նչ զարգացումներ սպասել, և որոնք պիտի լինեն պահանջատեր հայության հետագա քայլերը: Այս ու այլ հարցերի պատասխանել է քաղաքագիտության դոկտոր, ամերիկահայ ազգային—հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին հայտնի բանաձևը: Ինչո՞վ կբացատրեք այս որոշման արժեքն ու պատմականությունը:
Այս բանաձևը առաջին բանաձևն է որ ընդունուեցաւ Ներկայացուցիչներու Տան կողմէ վերջին 35 տարիներուն: 1984-ին էր վերջին անգամը երբ նոյն խորհուրդով, սակայն աւելի «տկար» ու լոկ ոգեկոչական բնոյթի բանաձև մը որդեգրուեցաւ, և այդ օրէն այս կողմ բոլոր ճիգերը նոր ու աւելի դիպուկ բանաձև մը անցնելու ճիգերը ձախողած էին: Այս բանաձևը ոչ միայն խորհրդանշանականօրէն կը ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը, այլ այս վերջինի գծով ուղղեգծային չափանիշ մը կը հաստատէ ապագայի հաշւոյն` յստակ թելադրանքներով, և կը մղէ Ներկայացուցիչներու Տունը ապագայի իր բոլոր քայլերու և գործառոյթներուն մէջ հետեւիլ այս բանաձևի ոգիին և եզրակացութիւններուն: Մէկ խօսքով, աննախընթաց հզօրութեամբ բանաձև մըն է:
Ըստ ամերիկյան օրենսդրության, հաջորդ քայլը վերապահված է ԱՄՆ Սենատին: Ե՞րբ է բանաձևը ներկայացվելու այս մարմնին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Այս բանաձևը ուժի մէջ մտնելու համար ոչ մէկ ուրիշ մարմնի վաւերացումին կամ հաւանութեանը կարիքը չունի: Ի տարբերութիւն այլ տեսակի բանաձևերու, որ պէտք է անցնի Սենատ ու ապա ստանայ նախագահի ստորագրութիւնը, այս բանաձևի տեսակը որ կը կոչուի “stand alone resolution”, քուէարկութեան պահէն ուժի մէջ է: Ճիշտ է որ ան օրէնքի ուժ չունի — և ատոր կարիքն ալ չունինք արդէն -, բայց թիւ 296 բանաձևը ուղղուած է Ներկայացուցիչներուն յաջորդող քայլերուն: Նմանօրինակ թիւ 150 բանաձևը ներկայիս կը սպասէ Սենատի մէջ այս վերջինի քուէարկութեան, որպէսզի ան ալ տնօրինէ Սենատի յաջորդող քայլերը:
Բանաձևի քվեարկությանը չմասնակցած կոնգրեսականների թվում է Իլհան Օմարը, որը, եթե չեմ սխալվում, ազգությամբ թուրք է: Նշվում է, որ նա հանդիպել է Էրդողանին, իսկ առհասարակ՝ հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իր վերաբերմունքով: Ի՞նչ են անում հայկական լոբբիստներն ու համապատասխան կառույցները դեմ հանդես եկող գործիչների շրջանակն ավելի նեղացնելու ուղղությամբ…
Իլհան Օմարը ազգութեամբ թուրք չէ, այլ Սոմալի: Բայց ճիշտ է որ իրերայաջորդ բանաձևերու քուէարկութեան ընթացքին անմեծ ճիգ դրածէ դարպասելու Թուրքիան: Փաստ է որ ան որոշ հաւատարմութիւն ունի Թուրքիոյ հանդէպ: Ան կը ներկայացնէ Մինէսոթա նահանգի այնպիսի ընտրատարածք մը ուր ոչ մէկ հայ կը բնակի: Ուստի, իրեն դէմ յատուկ կերպով դիրքորոշուիլը իմաստ չունի, քանզի ան միակը չէ որ չմիացաւ դեր քուէարկողներուն: Ան ձեռնպահ մնաց, մինչ 11 այլ քոնկրէսականներ հակառակ քուեարկեցին: Սակայն Օմարի պարագային յատկանշականը այն էր որ որպէս Դեմոկրատ, իր կուսակցութեան հազուադէպ միակներէն էր որ չմիացաւ դեր քուէ տալուն: Ան նաև յատուկ ուշադրութեան արժանացաւ իր քուէով որովհետև լրիւ այլ ներ-ամերիկեան և միջ-կուսակցական պայքարներու պատճառով յայտնուած է լուսարձակի տակ: Ինչպէս արդէն ըսի, իր ընտրատարածքին մէջ հայեր չկան, ուստի իր դէմ պայքարելու ճիգը շատ մեծ ու ծախսալից կրնայ ըլլալ, բան մը որուն շռայլքը չունինք:
Զրուցեց Արա Ալոյանը