տուն Քաղաքական Աննախադեպ թվով լիդերների մասնակցությունը ՀՀ նոր իշխանության բացառիկ գնահատականն է

Աննախադեպ թվով լիդերների մասնակցությունը ՀՀ նոր իշխանության բացառիկ գնահատականն է

298
0

Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու թվաքանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկող ԵՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք երկկողմ բանակցությունները հնարավորություն կընձեռեն նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի, ԵՏՄ անդամ բոլոր երկրների հետ։ Իր նախագահությունը կառույցում մեր երկիրն անցկացնում է ամենաբարձր մակարդակով՝ ցույց տալով իր հզոր պոտենցիալն ու քաղաքական մեծ կամքը՝ նպաստելու կառույցի հեղինակության բարձրացմանն ու միջազգային ճանաչելիության ընդարձակմանը։ Հայաստանի մասնակցությամբ որևէ միջազգային կազմակերպության հզորացումը բխում է մեր շահերից, և մենք շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությամբ»,- ասաց նա։

Կարապետյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան արդեն տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի հետ, որն անցել է աշխատանքային, միևնույն ժամանակ բացառիկ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Այսօր նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: «Նիստերի օրակարգը հագեցած է: Տեղի կունենան նեղ և ընդլայնված կազմերով նիստեր: Օրակարգում ընդգրկված են 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվության, 2020 թ. բյուջեի, գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրական ներդաշնակեցման, 2020 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցեր: Քննարկվելու է նաև ԵՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան։ Ավելորդ է նշել, որ այս բոլոր հարցերն ուղիղ առնչություն ունեն մեզ հետ, և Հայաստանը ամենաակտիվ կերպով ներգրավված է այս փաստաթղթերի մշակման և վերջնական տեսքի բերելու գործընթացներում։ Ընդհանուր առմամբ՝ տասնվեց հարց է ներգրավված երեւանյան նիստի օրակարգում»,- նշեց Կարապետյանը։

ՀՀ վարչապետի խոսնակը հատկանշական համարեց այն, որ առաջին անգամ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են աննախադեպ թվով լիդերներ:

«Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նաև վերջին ամիսներին Հայաստանի առաջնորդությամբ տեղի ունեցան ակտիվ շփումներ Սինգապուրի և ԵՏՄ միջև, որի արդյունքում միանգամից երեք փաստաթուղթ է ստորագրվելու Երևանում։ Դրանցից են՝ համապարփակ տնտեսական համագործակցության, Ազատ առևտրի, առևտրի և ներդրումների մասին կարևորագույն և բովանդակային փաստաթղթերը։ Հատկանշական է, որ դա արվելու է Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում։ Նաև նշեմ, որ, ձեռք բերելով առևտրի, տնտեսական համագործակցության և ներդրումների համար փայլուն հնարավորություններ, Հայաստանը դառնում է կապող օղակ ԵՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի միջև»,- նկատեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here