Հայաստանյան քաղաքական կյանքում երեկ և այսօր երկու տարբեր անձանց կողմից հնչեցին հայտարարություններ, որոնցից մեկը վերջապես որոշակի հստակություն բերեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլին, իսկ մյուսը, կարող ենք ասել՝ աննախադեպ էր: Խոսքը վերաբերում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու և Եվրախորհրդարանի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի հայտարարություններին: Ռուս գնդապետը «Կրասնայա զվեզդա» պարբերականին տված հարցազրույցում նշել էր ԼՂ նկատմամբ ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների դեպքում ռուսական զինված ուժերը կմիջամտեն` համապատասխան ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ պայմանագրային պարտավորություններին: Սա աննախադեպ հայտարարություն էր: Մինչ այս երբևէ ռուսական կողմից չէր հնչել նման բովանդակությամբ պաշտոնական հայտարարություն: Չնայած սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո հնչող կարծիքներին, թե Հայաստանը ստիպված էր գնալ դեպի Մաքսային միություն` փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ, գործնականում որևէ տեղ չէին երևում անվտանգության երաշխիքները :
Նման պայմաններում ռուս գնդապետի հայտարարությունը ենթադրել է տալիս, որ վերջապես հայաստանյան իշխանություններին հաջողվել է ռուսական կողմից կորզել նման հայտարարություն` թեկուզև իրենց ապահովության համար: Մյուս կողմից ռուս գնդապետի հայտարարությունը համընկավ Միլան Ցաբրնոխի այցի հետ: Վերջինս իր հերթին նշեց, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը նվազել է Եվրամիությունում` պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությամբ: Ցաբրնոխը նշել է նաև, որ ներկա պահին հնարավոր չէ, որպեսզի Վիլնյուսում որևէ բան ստորագրվի: Փաստորեն, վերջնականապես, այս հայտարարությամբ սննկացան հայաստանյան իշխանությունների բոլոր այն հավաստիացումները, թե Վիլնյուսում կստորագրվի փաստաթուղթ: Սկզբունքորեն չբացառելով որևէ փաստաթղթի ստորագրումը, ընդամենը կարող ենք նշել, որ թերևս հենց այդ հարցերը քննարկելու է եկել Միլան Ցաբրնոխը, որն ունենալու է բարձրաստիճան հանդիպումներ: Թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, առաջիկայում կերևա, սակայն այն փաստը, որ հոկտեմբերի 25-ից հետո ոչինչ էլ դեռ պարզ չէ, հստակ գծագրվում է: Ռուսական կողմից պաշտոնական հայտարարությունը `ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունները կատարելու վերաբերյալ, և Ցաբրնոխի հայտարարությունները Հայաստանի հետ, անգամ ներկայիս պայմաններում, հարաբերությունները խորացնելու և զարգացնելու մասին, վկայում են միայն այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը դեռ կախված է օդում, իսկ ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից, Հայաստանը ոչ թե հստակ ուղղություն է որդեգրել, այլ պարզապես մտել է մի նոր շրջափուլի մեջ, որտեղ բոլորովին էլ հստակ չէ, թե ուր է գնալու Հայաստանը: