տուն Քաղաքական Վերլուծական Անմխիթար 2013-ը

Անմխիթար 2013-ը

446
0

serjtigran2013-ը մոտենում է ավարտին և մեկ տարվա ընգրկում ունեցող հայացքը առանձնապես ոգևորության  պատճառներ չի ընձեռնում:

Տարվա սկզբին ունեցանք համապետական նշանակության նախագահական ընտրություններ, որոնք հերթական անգամ եկան ապացուցելու ժողովրդավարության այդ կարևորագույն ինստիտուտի` ընտրությունների սնանկությունը ներկայիս իրականության մեջ: Ամեն ինչ պտտվեց ի շրջանս յուր` կեղծված ընտրություններ, նկարված թվեր և իշխանության վերարտադրություն: Հետընտրական անցքերը նույնպես կարճատև ոգևորության էֆեկտ ունեցան, քանի որ փաստացի հաղթած, սակայն այդպես էլ իր հաղթանակից ոչինչ չշահած թեկնածուն զարմանալի արագությամբ փոշիացրեց ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացիների վստահությունը և, թերևս, դարձավ հայաստանյան իշխանության ամենասիրելի ընդդիմադիր առաջնորդներից մեկը:

Հետո եկան գազի և էլեկտրաէներգիայի թանկացումները, տրանսպորտի չհաջողված թանկացումը, որի դեմ պայքարն այս տարվա հատուկենտ լուսավոր էջերից էր: Տևական ժամանակից ի վեր առաջին անգամ իշխանական մեքենան ընկրկեց հանրության առաջ` հույս ընծայելով, որ հանրային միասնականության դեմ որևէ վարչակարգ անկարող է դիմակայել:  Տարվա առաջին կեսին այդպես էլ նշանավոր չդառած իրադարձությունն էր Տարոն Մարգարյանի վերարտադրությունը, որը բերեց նորանոր շինարարությունների և, բնականաբար, դժգոհության օջախների առաջացման: Այս ամենին զուգահեռ, սկսվեցին տարատեսակ կանխատեսումները «թեժ» աշնան մասին, սակայն աշունն այդպես էլ «թեժ» չստացվեց:

Ինչ խոսք, 2013-ի կարևորագույն իրադարձությունները կատարվեցին տարվա երկրորդ կեսին` կարևորագույն իրենց պարտվողականությամբ ու նվաստությամբ: Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ, Հայաստանը քայլ կատարեց դեպի Մաքսային միություն, դեպի սովետական ու ռուսական կայսերապետական ավանդույթների վերակենդանացում` շարունակաբար զիջելով երկրի ինքնիշխանությունը: Իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանը սկսեց վերածվել գուբերնիայի, ռուսական չորրորդական կարգի չինովնիկները սկսեցին Հայաստանը համեմատել Կալինինգրադի հետ: Հիրավի նվաստացուցիչ համեմատություն, փաստորեն Հայաստանն արդեն ֆոր-պոստ էլ չի ընկալվում «մեծ եղբոր» կողմից, այլ ընդամենը մի մարզ: Նվաստացումը չկոմպենսացրեց անգամ Պուտինի պետական այցը, որը զավեշտալիորեն տևեց ընդամենը ութ ժամ՝ սկսվեց Գյումրիի ռուսական ռազմաբազայից, տեղի ունեցավ այն օրը, երբ Հայաստանի առաջին հանրապետությունը փաստացի դադարեցրեց իր գոյությունը:

Ոչ իշխանական քաղաքական ուժերի ու հանրային դիմակայությամբ, այնուամենայնիվ, ընդունվեց հաջորդ տարվա բյուջեն, որը «լցնելու» համար ներդրվեց կենսաթոշակային կուտակային համակարգը, որն ավելի ծանրացրեց հարկատուների, առանց այն էլ, ոչ թեթև բեռը: Հերթական անգամ պետությունը սկսեց մտնել քաղաքացու գրպանը:  Կառավարությունն այդպես էլ, անգամ յոթ տոկոսանոց աճ, չկարողացավ նկարել: Փոխարենը՝ բացահայտվեց էներգետիկայի նախարարի սուտը` գազը թանկացել է դեռ երկու տարի առաջ: Արդյունքում՝ Հայաստանից ևս մի մասնիկ հանձնվեց Ռուսաստանին` այս անգամ «ՀայՌուսգազարդի» քսան տոկոսի ու Հրազդանի հէկի տեսքով:

Իրավապահ համակարգը դույզն-ինչ իրավապահ չդարձավ` չնայած ոստիկանության «բարեվարքմանն ու բարեշինմանը»: Չնայած համաներմամբ ազատ արձակվեց  քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ հրաժարվել ոստիկանական մեթոդներով քաղաքական հաշվեհարդարներից և դիսկոմֆորտ է զգում, երբ երկրում չկա քաղբանտարկյալ: Արդյունքը Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների ձերբակալությունն էր: Այս առումով, հետաքրքիր է նշել, որ անգամ հայաստանյան ընդդիմադիր ուժերը չեզոք դիրք են գրավում Շանթ Հարությունյանի նկատմամբ: Ի լրումն այս ամենի, յուրաքանչյուր քաղաքացիական ակցիայի ժամանակ, ոստիկանական գործելակերպը դառնում է ավելի ու ավելի անկաշկանդ, բերման են ենթարկվում տասնյակ ՀՀ քաղաքացիներ: Վերջին ակցիայի ժամանակ՝ ավելի քան հարյուրը: Իշխանությունները չհրաժարվեցին նաև դատական գործեր սարքելու պրակտիկայից, և այսօր էլ ականատեսն ենք , թե ինչպես է նմանատիպ գործ թխվում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ: Սարքովի գործի ոչ պակաս վառ օրինակ էր Վարդան Պետրոսյանի գործը, ով ներկայումս ձերբակալված է:

Մոտավորապես այսպիսին էր անցնող տարին: Սակայն առաջին հայացքից անմխիթար այս վիճակում կա մի շատ դրական կողմ: Անգամ իրենց ապազգային ու հակապետական գործողություններով, առկա վարչակարգը փաստում է, որ օրավուր հասունանում է իր հեռանալու ժամանակը: Սա թերևս այն գլխավոր սպասելիքն է, որը պետք է լինի եկող տարվանից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here