Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»—ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել Կառավարությանը` արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ:
«Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոխելու բուհերի ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ, համապատասխանաբար, պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը»,- ասաց հարցի հիմնական զեկուցող, Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարական սոցիալական կոմիտեի 2020 թվականի մայիսի 19-ի նիստում եւս քննարկվել է օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը: