Խորհրդային միության 70-ամյա գոյության ընթացքում ձևավորվեց անհատակենտրոն քաղաքական համակարգ, որը ծնեց այնպիսի իրողություն ինչպիսին անհատի պաշտամունքն էր: ԽՄ փլուզումից հետո իշխանության եկած ուժերն ու քաղաքական կուսակցությունները ձեռնամուխ եղան նոր քաղաքական համակարգի ստեղծմանը: Սակայն գաղափարախոսական հայեցակարգի և արժեհամակարգի բացակայության պայմաններում և Հայաստանում, և նախկին միութենական հանրապետություններում ձևավորվեցին քաղաքական համակարգեր, որոնց հիմքում ընկած էին մակերեսային ժողովրդավարությունը և, իհարկե, նախկին խորհրդային ռեժիմի տարրերը: Վերջինս արդյունքում էլ ԽՄ փլուզումից ավելի քան 20 տարի անց մենք ունենք շատ գծերով խորհրդայինը հիշեցնող քաղաքական համակարգ:
Պետք է շեշտել նաև, որ հասարակական գիտակցությունը ևս իշխանությունը կամ վերջինիս ատրիբուտները ընկալում է անհատների պրիզմայով` լինի դա կառավարություն, իրավապահ համակարգ, թե զինված ուժեր: Անդրադառնանաք մի քանի օրինակի: 2008 թվականից ընդդիմադիր դիրքերից հանդես եկող տարբեր քաղաքական ուժեր հանդես են գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով կամ նշում, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Մի կողմ թողնենք այդ հայտարարությունների դեմագոգիկ կամ պոպուլիստական բնույթը և դիտարկենք զուտ հասցեատիրոջը: Ստացվում է այնպես, որ Սերժ Սարգսյանի հեռանալով՝ մենք կունենաք միանգամայն նոր իրավիճակ, որը կլինի ավելի լավը: Սակայն իրականում Սերժ Սարգսյանը չի կարող անգամ ցանկության դեպքում վերցնել և հրաժարական տալ, քանի որ վերջինիս իր պոստին բերել և պահում է առկա համակարգը:
Սերժ Սարգսյանի շուրջ ձևավորված է որոշակի թիմ, որը ներկայացնում է հայաստանյան իշխանությունը: Այդ թիմում ընդգրկված անձինք` վարչապետ, ԱԺ նախագահ, ուժային գերատեսչությունների ղեկավարներ, այս կամ այն կերպ ծառայություն մատուցած օլիգարխներ և այլն, անձնական շահերով սերտաճած են համակարգի հետ, որի փլուզման դեպքում նրանցից շատերը կհայտնվեն դատարանի առաջ: Նման հեռանկարի պարագայում բնական է, որ առկա համակարգում գործող անձինք ցանկացած միջոց կօգտագործեն իշխանություն պահելու համար` Սերժ Սարգսյանով , թե առանց նրա: Հետևաբար, միմիայն Սերժ Սարգսյանի անձով պայմանավորել համակարգի որակը, մեղմ ասած՝ միամտություն է: Իհարկե, մեկ համառոտ դիտարկման շրջանակներում հնարավոր չէ վեր հանել հայաստանյան քաղաքական համակարգի բոլոր նրբությունները:
Անդրադառնանք նաև մեկ այլ` անհատի գերագնահատված դերը բնորոշող իրողության: Ինչպես արդեն հայտնի է՝ ԱԺ փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվել Գևորգ Կոստանյանը: Մինչ այս Կոստանյանի վերաբերյալ և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորներից շատերը (եղան իհարկե բացառություններ) ուղղակի կամ անուղղակի կերպով հույս հայտնեցին, որ Գևորգ Կոստանյանը չի շարունակի իր նախորդի ավանդույթները: Հենց այստեղ է անձի կարևորման ֆենոմենը: Իրականում Կոստանյանը չի կարող ավելի լավը կամ ավելի վատը լինել, քան Աղվան Հովսեփյանն էր, քանի որ շարունակելու է աշխատել համակարգի տրամաբանությանը և քաղաքական կուրսին համահունչ: Անհատի գործոնն այստեղ գրեթե էական չէ և չի կարող լինել:
Հ.Գ. ՀՀ միակ Գլխավոր դատախազը, որը փոքրիշատե չէր տեղավորվում ժամանակի քաղաքական կուրսի շրջանակներում, սպանվեց կասկածելի հանգամանքներում, ինչը ցույց է տալիս, որ համակարգը չի կարող հանդուրժել անհատականությունը:
Աղասի Մարգարյան