Հայաստանյան իշխանությունների շարունակական ներքին և արտաքին քաղաքական ձախողումների արձագանքները Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո ավելի ցայտուն ու նվաստացուցիչ են դառնում: Մինչ այս էլ ռուսական դիվանագիտության տարբեր ներկայացուցիչներ առանձնապես ջանքեր չէին թափում գոնե արտաքնապես դիվանագիտական կոռեկտություն պահպանել՝ Հայաստանը հայտարարելով «ֆորտ պոստ» կամ համեմատելով Կալինիգրադի մարզի հետ: Սակայն ներկայում արդեն, ռուսական կողմի ներկայացուցիչները բառացիորեն «անհասկացող և ապաշնորհ» են անվանում հայաստանյան իշխանություններին, գործող նախագահին ու վարչապետին: Նման գնահատական տվեց Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը՝ անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի շուրջ երեք տարի ընթացող բանակացություններին և Տիգրան Սարգսյանի այն հայտարարություններին, թե Մաքսային միությանն անդամակցությունը ձեռնտու չէ Հայաստանին, թեկուզ միայն սահմանների բացակայության պատճառով: Ռուս գործչի խոսքերով՝ մասնագետների օգնությամբ ՀՀ նախագահն ու վարչապետը հասկացել են, որ «ԵՄ ասոցացման համաձայնագիրը հարվածում էր Հայաստանի սուվերենությանը, և ԵՄ-ն գաղութային քաղաքականություն է վարում»:
Թե ինչպես է իրեն Խորհրդային միության ժառանգորդ հայտարարած ՌԴ-ն «բացատրական աշխատանքներ» տանում, կարծում ենք մեկնաբանելու կարիք չկա: Արդյունքում գուցե Տիգրան Սարգսյանը այսօր ոչ թե ԱՄՆ-ում է, որտեղ պետք է լիներ, այլ աշխատանքային այցով՝ Մոսկվայում, որտեղ հանդիպելու է ոչ ավել ոչ պակաս Դմիտրի Մեդվեդևի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի հետ: Ընդ որում, ինչպես արդեն ասվել է, Տիգրան Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ, սակայն պարզվում է՝ անարդյունք, քանի որ հանդիպելու է ընդամենը նրա տեղակալին: Կարճ ասած հերթական նվաստացումը: Ու այս ֆոնին առավել զավեշտալի է հայստանյան տարատեսակ «արծվիկների», մականունավորների հաշտվողական լռությունը: Որևէ մեկը Գլազևին խարույկ բարձրացնելու կոչեր չի հնչեցնում, թուրք անվանում կամ բազմահարկ հայհոյանքներով պատվում: Թերևս մեր ռազմահայրենասերները ենթադրում են , որ վարչապետին Մոսկվայում որոշ բաներ պետք է բացատրեն, որոնք նա չի հասկանում, հակառակ պարագայում ռուսները չեն ասի, թե ինչպիսի հրամայականների առաջ ենք մենք կանգնած ու դա կործանանար կարող է լինել Հայաստանի համար: Ինչևէ, ընդհանրացնելով կարող ենք միայն ասել, որ ոչ թե հայաստանյան իշխանությունները, վարչակարգը կամ համակարգը, այլ ամբողջ երկիրը սրընթաց անկում է ապրում, և օրվա հրամայական է դառնում պարզապես ազատվել այժմեական իշխանության բոլոր բաղկացուցիչներից` սկսած ԱԺ-ից, վերջացրած շարքային քաղծառայողներով: Այլ ելք, կարծես, իրերի նման ընթացքը փոխելու համար չկա:
Աղասի Մարգարյան