34-ամյա բրիտանացի Մեթյու Հոգը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ նրա օրգանիզմը օսլան ու շաքարը վերածում է իսկական սպիրտի։ Սակայն Մեթյուի համար սա լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ նա սիրում է քաղցրավենիք, բրինձ, հաց, կարտոֆիլ, որոնցից նա հարբում է։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Մեթյուն այս խնդիրը նկատել էր դեռ դպրոցական տարիքից, սակայն չէր հասկանում, թե ինչ է իր հետ տեղի ունենում։ Ծնողները մեծ գումարներ էին ծախսում, որպեսզի բուժեն որդուն տարօրինակ հիվանդությունից։ 10 տարի անց միայն բժիշկներին հաջողվեց նրա արյան մեջ հայտնաբերել սպիրտի մեծ քանակություն և մշակել նոր սննդակարգ՝ միս, բանջարեղեն, սերմեր, ընդեղեն։ Այս հիվանդությունից ազատվել հնարավոր չէ։ Մեթյուն ներկայում իրեն լավ է զգում, սակայն ստիպված է ուշադիր հետևել իր սննդակարգին։