տուն Քաղաքական Հայաստան Այցը պարտավորեցնող էր, քանի որ ոչ միայն մենք նրանց հարցեր ունեինք ուղղելու,...

Այցը պարտավորեցնող էր, քանի որ ոչ միայն մենք նրանց հարցեր ունեինք ուղղելու, այլ նաև նրանք մեզ. Լիլիթ Ստեփանյան

368
0

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից ֆինասավորվող «Open World» ծրագրի շրջանակներում խորհրդարանականներով գտնվում էինք ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Հատկանշական է այն փաստը, որ ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները հսկայական գրադարաններ են ժառանգություն թողել իրենց երկրին: Այստեղ գրադարաններն ամփոփում են ԱՄՆ ողջ պատմության ընթացքը՝ ինչպես դիմանկարներով ու պատմական ակնարկներ պարունակող կտավներով, քանդակներով ու փորագրություններով, այնպես էլ հսկայական գրադարակներով, լոզունգներով ու կարդալու համար անհնար գեղեցիկ միջավայրով: 

Ծրագիրն աչքի էր ընկնում իր բովանդակությամբ, այն մի կողմից հնարավորություն էր ստեղծում ունենալ բարձր մակարդակի հանդիպումներ, ծանոթանալ ԱՄՆ պետական կառույցներին ու ինստիտուտներին, մյուս կողմից ուսումնասիրել Ամերիկայի ամեն օրը՝ հոգևոր ու նյութական մշակույթը, ամերիկացու կենցաղը և այլն: Ինձ հատկապես հետարքիր էր կրթական ոլորտը, թե երբ է տեղի ունեցել հիմնական ու բազային հանդիսացող կրթական ռեֆորմը, ինչ խնդիրներ կան այսօր և թե որ բաղադրիչն է դոմինանտ կրթության պետական քաղաքականության օրենքերում, իրավական ակտերում, ծրագրերում ու չափորոշիչներում՝ «ազգայինը», թե քաղաքացիականը: Պատասխանը հստակ էր՝ դրանք վաղուց սինթեզված և փոխլրացնող տարրեր են: 

Ծրագիրն սկսեցինք «Բաց աշխարհ» ծրագրի գրասենյակից: Մենք առաջին պատգամավորական խումբն էինք այս ծրագրում և մեզ պատմական առիթ էր ընձեռնվել Հայաստանը ներկայացնել տարբեր հարթակներում, խոսել ներքին ու արտաքին քաղաքականությունից, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներից, առաջնահերթություններից և այլն: Այցը պլանավորված էր դեռևս ամիսներ առաջ, և մեզնից որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ այցելության օրերը թե մեր և թե ԱՄՆ-ի համար կլինեն պատմական՝ կապված 296 բանաձևի ընդունման և Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացի մեկնարկի հետ: 

Շատ խիտ ու հագեցած օրակարգը նախատեսում էր պաշտոնական հանդիպումներ սենատորների և կոնգրեսականների հետ, որոնք մեր հասարակությանը հայտնի են որպես հայանպաստ գործունեություն իրականացնող քաղաքական գործիչներ: Ահա նրանք՝ Մեննենդես, Թոնկո, Փելոնի, Ջեքի Սփայեր (խիզախ կին), Ջուդի Չուի, Աննա Էշու և այլք: Վերջինների հետ հանդիպումը մեզ համար կրկնակի կարևոր էր, քանզի պատվիրակության կազմում ներգրաված էին միայն կին պատգամավորներ: Հետաքրքիր էր, որ ժողովրդավարության օրրանում կանայք քաղաքականության մեջ ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ առերեսվում ենք նաև մենք, ավելին՝ միևնույն աշխատանքը կատարելիս կանայք ու տղամարդիկ վարձատրվում են տարբեր կերպ՝ կանայք 20 % ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ: Իմ այն հարցին՝ միթե սա քաղաքական հնար չէ կամ հավերժ օգտագործվող հաղթաթուղթ յուրաքանչյուր քաղաքական գործչի կամ քաղաքական միավորի համար ընտրարշավում շահարկելու ու պարտադիր լուծման առարկա դարձնելու միտումով, բանախոսը պատասխանեց, թե իրենք այդ մասին չէին մտածել: 

Վաշինգտոնում այցելությունները մի կողմից շատ ոգևորող էին, մյուս կողմից խիստ պարտավորեցնող, քանի որ, ինչպես պարզվեց հետագայում, ոչ միայն մենք նրանց հարցեր ունեինք ուղղելու, այլ նաև նրանք մեզ: Հատուկ շնորհակալ եմ մեր ընդդիմադիր գործընկերներին, ովքեր իմ ու Տաթևիկ Գասպարյանի հետ մեկ ընդհանուր ճակատ էին կազմում այս հանդիպումների ընթացքում: Ինչպես բազմիցս լսել էի այս մասին, նաև առիթ ունեցա համոզվելու, որ անկախ իշխանություն-ընդդիմություն առկա քաղաքական անհամաձայնություններից, մենք բոլորս ներկայացնում են ՀՀ պետական շահն առանց վերապահումների ու կուսակցական շեշտադրումների»: