Երկրում արտակարգ դրությունը ևս մեկ ամիս երկարացնելու հետո, պարետի համապատասխան որոշումներով, տնտեսական գործունեության մի շարք ոլորտներ սկսեցին աշխատել, որպեսզի երկիրը տնտեսապես կարողանա պայքարել աներևույթ թշնամու դեմ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սահմանափակումների թուլացմանը զուգընթաց արգելվեց ժամանցի կենտրոնների, մասնավորապես՝ գիշերային ակումբների, կարաոկե ակումբների գործունեությունը:
Բայց այս հանգամանքը որոշ տնտեսվարողների մոտ արդյուք չտվեց: Այս օրերին մայրաքաղաքի մի շարք ակումբներ, անտեսելով սահմանափակումները, ակտիվացել էին և շարունակում էին գործել: Ինչն էլ իր հերթին վարակի տարածման աղբյուր է հանդիսանում:
Վերջին օրերի ստուգումների արդյունքում հայտնաբերվել և կասեցվել է շուրջ 16 ակումբների գործունեությունը: Գործող գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է, և կազմվել են համապատասխան արձանագրություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Բայց պետք է նկատել, որ այս հարցը մտահոգություն է առաջացնում ոչ միայն պանդեմիայի շրջանում: Բնակելի շենքերի ներքնահարկերում գործող գիշերային ակումբները դարձել են բնակիչների համար մղձավանջ: Ուշ ժամերին մարդկային կուտակումները, շատ բարձր երաժշտությունը խախտում են մարդկանց անդորրը:
Չնայած նրան, որ օրենքով կարգավորվում է նաև այս հարցը, բայց դեռ բնակելի շենքերի մոտակայքում կան գործող ակումբներ, կարաոկեներ:
Հարցի առնչությամբ Araratnews.am-ը գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի պարզ դառնա, թե որքան ժամանակ դեռ կգործեն վերը նշված հաստատությունները բնակելի թաղամասերում:
Այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է և հարցման պատասխանն ստանալուց անմիջապես հետո մեր ընթերցողներին կտեղեկացնենք այդ մասին:
Հայկ Մագոյան