«Այս տարի ունենք ոչ սովորական աշուն. օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 3-5 աստիճանով, իսկ տեղումները նորմայից խիստ պակաս են»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հոկտեմբեր ամիսը մայիսից հետո համարվում է երկրորդ խոնավ ամիսը մեր հանրապետությունում, սակայն մինչև այսօր, կարելի է ասել, հանրապետության տարածքում գրեթե տեղումներ չեն դիտվել»,- նշեց Սուրենյանը՝ փաստելով, որ նմանատիպ ջերմային ֆոնով հոկտեմբերներ ունեցել ենք նաև 1974, 1987, 1992, 1997, 1998 թվականներին:
Անդրադառնալով «Հիմա եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու» ֆեյսբուքյան վերջին գրառմանը՝ Սուրենյանն ասաց, որ դեռ վերջնական պարզաբանում չի կարող տալ, սակայն մինչ այս եղած բոլոր միտումները տանում են դրան:
Այսպիսով՝ չի բացառվում, որ կունենանք տաք ձմեռ: