«Այսօր ևս ԱԺ-ում շարունակվում են արտահերթ քննարկումները: Քննարկվում են բազմաթիվ լուրջ հարցեր: Կենսաթոշակային կուտակային համակարգին վերաբերող քննարկումները ևս բավական թեժ են եղել: Այս պահին ներկայացված առաջարկները մենք համարում ենք կիսալուծումներ: Մի բան հստակ է, որ աշնանը մենք պետք է նոր լուծումներ գտնենք: Անհասկանալի է, թե ինչու է պետությունը շարունակում գումարներ փոխանցել կենսաթոշակային ֆոնդերին և անհասկանալի է, թե ուր են գնում հարկատուների գումարները»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Անդրդառնալով այն հանգամանքին, որ ըստ նոր օրենքի՝ քաղաքացիները պարտադիր վճարներ չկատարելու համար պետք է դիմում ներկայացնեն` Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք հետևողական են լինելու և ԲՀԿ-ն ունենալու է թեժ գիծ, որպեսզի հասկանա՝ արդյոք փորձ արվելո՞ւ է քաղաքացիներին ստիպել՝ չգրել նման դիմումներ. «Այս մտահոգությունները ինձ հասկանալի են, և ԲՀԿ-ն ունենալու է թեժ գիծ, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Իմ կարծիքով այս պահին կառավարությունը չի գնա նման սրացումների և չի ստիպի քաղաքացիներին շարունակել կատարել պարտադիր վճարները»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը: