Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր խոսել է հակահայկական քարոզչության մասին: Նա ասում է, որ ներկայում այս ոլորտում համեմատաբար «խաղաղ» է:
«Հակահայկական քարոզչությունում փոփոխություններ են տեղի ունենում: Թուրքիայի դեպքում այդ ամենը քիչ ավելի շուտ ստեղծվեց: Էրդողանի շուրջ ստեղծվեց հանձնաժողով, որը ղեկավարում է Էրդողանի խորհրդականներից մեկը՝ Իբրահիմ Քալինը: Այս հանձնաժողովը մշակում է տարբերակներ՝ 2015թ. հակահայկական քայլեր կատարելու: Այս ամենը հավանաբար աշնանը հետևանքներ կունենա»,- ասում է փորձագետը:
«Եթե ադրբեջանական կողմի մասին խոսենք, այստեղ ավելի հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Մենք ունենք իրավիճակ, երբ հակահայկական քարոզչությունը դեռ վակուումային վիճակում է: Ադրբեջանն ուժեղացնում է ամբողջ աշխարհում գործող լոբբիստական խմբերը. օրինակ Եվրապայում դա Եվրոպայի ադրբեջանական հասարակությունն է: Այդ լոբբիստական խմբերը հիմնականում ֆինանսավորվում են Ադրբեջանի հիմնական նավթային ընկերության կողմից: Չպետք է մտածել, որ հակահայկական քարոզչությունը սահմանափակվում է միայն ադրբեջանական մամուլով: Այսօր հայկական Սփյուռքը բավական ակտիվ մասնակցություն ունի քարոզչության մեջ, եթե խոսքը Թուրքիային մասին է: Մեզ մոտ ուժերը մի քիչ պառակտված են, քանի որ Սփյուռքը մասնակցում է միայն Թուրքիայի հետ գործընթացներին: Թուրքիան ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը մենք ենք, իսկ Ադրբեջանն ունի սևեռուն գաղափար՝ Հայաստանը»,- նշում է նա:
«Այս պահին անգամ մոտ չենք տեղեկատվական պատերազմին: Տեղեկատվական հակամարտությունը խնդիր ունի. ինչքան շատ է խոսվում հաջողությունների մասին, այնքան հաջողությունը ջրվում է: Մեր պատասխանները միշտ չէ, որ սիմետրիկ են՝ ֆինանսական կարողությունները հաշվի առնելով: Եթե հիշում եք, Խոջալուի հետ կապված՝ Ադրբեջանը Թայմս Սքուերում գովազդ էր տեղադրել: Ադրբեջանը հիմա գնում է դեպի դուրս, վարձում է դրսի մարդկանց: Այս առումով, հայկական կողմը կարող է դիմել Սփյուռքում գործող կազմակերպությունների օգնությանը»,- կարծում է փորձագետը: