Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է թուրքական իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։
«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիան մզկիթի վերափոխելու որոշումն այստեղի քրիստոնյաների և Եվրոպայի մուսուլմանների համար կյանքն ավելի կբարդացնի: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Դրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»,-իր ինստագրամյան էջում գրել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) ուրբաթ օրը չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիր է ստորագրել։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: