Կորոնավիրուսը դարձել է մեր կյանքում ամենաշատ քննարկվող, լրատվամիջոցներով ամեն օր թարմացվող և տարածվող համամարդկային առողջապահական լուրջ խնդիր:
Անդադար ԶԼՄ-ները լուրեր են տարածում աշխարհով մեկ վարակի տարածման, մահացությունների ու ամայացած թաղամասերի մասին. Չինաստանից դուրս վարակվածների թիվը հատել է երեք հազարի սահմանը:
Թեպետ Հայաստանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, չկան կորոնավիրուսով վարակի դեպքեր, սակայն որոշ լրատվամիջոցներ սենսացիոն վերնագրերով ու խտացված գույներով նյութեր են հրապարակում, դրանով խուճապի մատնում մարդկանց, ստեղծում են թյուրըմբռնում, խառնաշփոթ. հասարակության զգալի հատվածը հավատում է նմանատիպ հայտարարություններին` ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր հիշեցնող համաճարակից դատարկվող փողոցներ, դիմակավորված հասարակություն, ռոբոտացված քաղաքակրթություն:
Կորոնավիրուսից, այո, պետք է զգուշանալ, հատկապես թույլ օղակ են տարեցները, երեխաները եւ ցածր իմունային համակարգով մարդիկ, բայց չի կարելի հերթական սենսացիան ապահովելու համար այն դարձնել գործիք: Նույնիսկ, իբր, Իրանի քաղաքացու կրկնակի թոքաբորբից մահը շատերը վերագրեցին կորոնավիրուսին ու մի քանի հարյուր լայք հավաքելով երջանկացան, երբ իրականում հիվանդը բոլորովին էլ իրանցի չէր։
Այս մասին գրելու ցանկություն չէի ունենա, եթե երեկ փողոցում չհանդիպեի ծանոթներից մեկին։ Նա զրույցն սկսեց միանգամից կորոնավիրուսի թեմայով: Ուշադիր նայում է դեմքիս և շատ լուրջ տոնով ասում.
— Ի՞նչ ենք անելու:
— Ի՞նչն ենք ինչ անելու…,-զարմացած՝ հարցին հարցով եմ պատասխանում:
— Դե, էս անտեր վիրուսն էլի: Շատ եմ մտահոգվում: Կարդացե՞լ ես, Վրաստան է հասել համաճարակը:
Ճիգերս` նրան բացատրել ու նկարագրել իրավիճակը, չեմ կարող ասել՝ արդյունք տվեցին, թե ոչ: Այդ իսկ պատճառով որոշեցի հոդվածով մարդկանց ներկայացնել իրավիճակը: Այո, պետք է հետևել առողջությանը, պահպանել հիգիենիկ անվտանգությունը, եւ կարծում եմ, դրանից հետո ոչ մի կորոնավիրուս էլ մեզ համար սարսափելի չի լինի:
Ճիշտն ասած՝ իմ ու ծանոթիս երկխոսությունը կարդացածս գրքերից մեկը հիշեցրեց` Քամյուի «Ժանտախտը»: Գրքում էլ նկարագրվում է համաճարակից մահացող մի ողջ հասարակության կյանքը: Եվ ես նմանություններ տեսա մեր ժամանակների բազմաբղետ գույներով ներկայացված վիրուսի ու գրքում նկարագրված ժամանակաշրջանի միջև:
Ինչևէ, եկեք տարբերենք իրականությունը սենսացիայից ու առողջ ապրենք:
Հայկ Մագոյան