Շվեդիան այն քիչ երկրներից է, որը հրաժարվեց կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանել մեկուսացման կոշտ միջոցներ: RBK-ի հետ զրույցում ընտրած մոտեցման առանձնահատկությունների մասին պատմել է Շվեդիայի կառավարության եւ ԱՀԿ-ի գիտական խորհրդական Յուհան Գիզեկեն։
Պաշտոնյան նշել է, որ Covid-19 hամավարակի սկզբնական փուլում Շվեդիան որոշեց սահմանափակվել այնպիսի միջոցների ներդրմամբ, որոնց օգուտը գիտական հիմնավորում ունի:
«Մեր կարծիքով, նման միջոցները միայն երկուսն են: Առաջին հերթին պետք է լվանալ ձեռքերը, ինչի մասին գիտեինք արդեն 150 տարի: Երկրորդը՝ պետք է սոցիալական հեռավորություն պահպանել, այսինքն` մարդկանց շատ չմոտենալ: Սա է հիմնական երկու կանոնը»,- նշեց Գիզեկեն:
Նրա խոսքով՝ սահմանների փակումը՝ ապարդյուն զբաղմունք է, իսկ դպրոցների փակումը, հավանաբար, որեւէ հետեւանքի չի բերում․
«Առողջապահության համակարգի ունակությունը՝ գլուխ բերելու հիվանդացածների մեծ հոսքը, շատ կարեւոր գործոն է: Մենք չպետք է գերծանրաբեռնենք մեր համակարգը: Բացի այդ, շվեդներն իրենք էլ են իրենց կարգապահության սովորեցնում: Իհարկե, եթե իրենք չանեին դա, ապա երկրում հիվանդության տարածման տեմպերը զգալիորեն բարձր կլինեին: Ուստի, ինչ-որ առումով կարելի է ասել, որ մեր երկրում եւս գործում է կարանտինի նման մի բան: Բայց մեզ օրենքներ անհրաժեշտ չեն, որոնք կստիպեն մարդկանց տանը մնալ: Մարդիկ հիմար չեն՝ սրանում է կայանում շվեդական ռազմավարության կարեւոր սկզբունքը: Եթե դուք բացատրեք նրանց, որ այս կամ այն կանոնները կօգնեն իրենց, կօգնեն ուրիշներին, իրենք կլսեն ձեզ: Իրենք հասկանում են: Այստեղ պետք չէ ոստիկանություն, պետք չեն տուգանքներ: Կարծում եմ, նման սկզբունքը կգործեր յուրաքանչյուր այլ երկրում, այլ ոչ միայն Շվեդիայում»:
Յուհան Գիզեկեի պնդմամբ՝ չի կարելի հավերժ նստել կարանտինում: Երբ դա տեղի ունենա, վարակների տեմպը կտրուկ կբարձրանա: Խիստ կարանտինը միայն մեկ բան է անում՝ հետաձգում է ձեր առջեւ ծառացած խնդիրը: Բայց այդ խնդիրը երկու ամիս անց նորից արդիական է դառնում: