Գայանեն Հռոմի Սուրբ Պողոս վանքի մայրապետն էր, 37 քրիստոնյա կույսերից մեկը: Դիոկղետիանոս կայսրը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին:
Հեթանոս կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, որը չի համաձայնում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան:
Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:
Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:
Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Araratnews.am-ի խմբագրակազմի անունից շնորհավորում ենք բոլոր Գայանեներին իրենց անվանակոչության տոնի առթիվ և մաղթում ենք առողջություն: