Հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին՝ Թբիլիսիում, հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից էր համարվում:
Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ամբողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում:
Կենսագրություն
1942 թվականին Սերգեյ Փարաջանովը, ավարտելով միջնակարգ դպրոցը, ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը: Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետ։
Անձնական կյանք
Դիպլոմային աշխատանքի ժամանակ Փարաջանովի՝ մոլդովական ֆոլկլորին անդրադառնալը պատահական չէր։ ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, որը ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները Մոսկվա եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Նույն օրը Սերգեյը հորը նամակ ուղարկեց, որտեղ աղաչում էր հորը իրեն տալ պահանջվող գումարը՝ պարտավորվելով ժամանակի ընթացքում անպայման վերադարձնել։ Սակայն Իոսիֆը շատ էր վիրավորվել որդուց նրա համար, որ վերջինս արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղիով, և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց, և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին աղջկան գնացքի տակ:
Մոլդովական թեմային անդրադառնալը հիշատակի տուրք էր սիրելի կնոջը, ում Փարաջանովը չմոռացավ մինչև կյանքի վերջը, թեև արտաքուստ նրա անձնական կյանքն այդ ողբերգությունից հետո բավականին լավ էր դասավորվում։ 1950-ական թվականների կեսերին լինելով Կիևում՝ ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի հետ, որը 2 տարի ապրել էր Կանադայում: Ծնվեց նրանց որդին՝ Սուրենը։ Սերգեյին շատ դժվար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսվում էին Փարաջանովի խենթությունները, Թբիլիսիի հարևաններն ասում էին․ «Խենթն ազատության մեջ է»:
Սվետլանա Շչերբատյուկն այդպես էլ չկարողացավ հարմարվել ամուսնու խենթություններին և 1961 թվականին որդու հետ հեռացավ տնից:
Ստեղծագործական կյանք
1964 թվականին Փարաջանովը նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձել է 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը:
Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գույնը» (1968թ.), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում նրան:
Փարաջանովի ազատազրկմանն արձագանքել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ։ Եվ չնայած դրան՝ նրան միայն 4 տարի անց են ազատել ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։ Թբիլիսիում ապրելու ժամանակ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թվականներին նրան թույլատրել են նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984 թ.), «Աշուղ ղարիբը»։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ է մնացել և հետագայում ամբողջությամբ օգտագործվել Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992 թ.) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացավ 1990 թվականի հուլիսին: