Այսօր Ճապոնիան նշում է 3 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակի տարելիցը։ 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժին հետևած հզոր ցունամին խլել է ավելի քան 15 հազար մարդու կյանք։ Ավելի քան 2.5 հազարը համարվում է անհետ կորած։
Այս կապակցությամբ Ճապոնիայում կանցկացվեն սգո արարողություններ։ Մայրաքաղաք Տոկիոյում կազմակերպված միջոցառմանը ներկա կգտնվի կայսր Ակիհիտոն և նրա տիկինը՝ կայսրուհի Միտիկոն։ 14։46-ին ամբողջ երկրում կհայտարարվի լռության րոպե։ Հենց այդ պահին է սկսվել ավերիչ աղետը, երբ 40 մետր բարձրությամբ ալիքները ավերել են ավելի քան 400 հազար շինություն՝ երկրի երեսից սրբելով հարյուրավոր բնակավայրեր։
Այս երկրաշարժի ամենամեծ ողբերգություններից էր «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի պայթյունը։