տուն Լուրեր Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

289
0

download (1)

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչը ծնվել է 1869-ի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում։

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝  Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

1877-79 թթ-ին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։ 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ։

1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.։

1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով  Արեւմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թ-ին Թումանյանը միանում է “Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե”-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել։

Թումանյանը գրել է իր առաջին պոեմը 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։
«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Հովհաննես Թումանյանը մահացել է 1923-ի մարտի 23-ին Մոսկվայում:
1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թ-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։