Այսօր՝ հունվարի 28-ին, մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանի տարեդարձն է. նա կդառնար 30 տարեկան: Երեւի պատահական չէ, որ հայրենիքի նվիրյալ ու անսահման հայրենասեր կապիտանը ծնվել է հենց Հայոց բանակի օրը:
15 տարեկանում թեյքվանդոյի եռակի չեմպիոն դարձած, լեզուների հրաշալի իմացությամբ Ուրֆանյանը դպրոցից հետո հստակ որոշել է, որ պետք է ընտրի զինվորականի ուղին: Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի, հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:
Կապիտան Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։
2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։