Այսօր կավարտվի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչև աշնանային նստաշրջանի ավարտը մնացած երկու քառօրյաներում խորհրդարանականներին լարված աշխատանք է սպասվում: Նախ՝ պետք է քննարկվեն ու ընդունվեն 2014թ.-ի պետական բյուջեի և վերջինիս կատարումն ապահովող մի շարք օրենքների նախագծեր: Առաջնային հարցերի թվում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը: ՎՊ ներկայիս նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ի կողմից նշանակվել է 2007թ. նոյեմբերի 5-ին՝ լիազորությունների 6 տարի ժամկետով: Հատևաբար, նոյեմբերի 5-ին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը: Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն, Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող անձը։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ: ՎՊ նախագահի պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, Ազգային ժողովի կողմից այդ պաշտոնում նշանակման մասին որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:
Էմմա Պալյան