ՀՀ Առողջապահության նախարարությունը վաղը՝ հունվարի 22-ին, կանցկացնի ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը մեզ հետ զրույցում, նշեց, որ մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 7 թեկնածու: Նախարարությունից, սակայն, հրաժարվեցին հայտնել թեկնածուների անունները:
Մեր տեղեկություններով, թեկնածուներից մեկը նշված փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի տնօրեն, դեղագետ Աղավնի Գինոսյանը, մյուս թեկնածուն դեղագետ Վիլեն Գաբրիելյանն է:
Ինչպես տեղեկացրին ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հավակնորդները նախ կմասնակցեն գրավոր թեստի փուլին: Առաջադրանքները կատարելուց հետո՝ կանցնեն հարցազրույցի փուլը: 2-րդ փուլը հաղթահարած անձինք բանավոր կներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը:
ՀՀ առողջապահության նախարարությունը Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել էր 2019 թվականի նոյեմբերի 8-ից: Նախկին տնօրեն Լեւոն Մելիքյանն այդ պաշտոնում մեկ տարի էլ չէր աշխատել: Նախարարի հրամանով նա նշանակվել էր 2019 թվականի մայիսի 6-ին: