Այսօր Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի տարեդարձն է:
Մարզիկը նշում է ծննդյան 56-ամյակը:
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1986) է։ Սուրեն Նալբանդյանից հետո երկրորդ էթնիկ հայն է, որ դարձել է Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն:
Ծնվել է 1964 թվականի ապրիլի 5-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական): Քանի որ երկու ծնողներն էլ մարմնամարզիկներ էին, վաղ տարիքից Լևոնը հաճախել է սպորտային մարմնամարզության, այնուհետև սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով Գյումրու մանկապատանեկան սպորտային դպրոցում: Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում մարզվել է Արամ Սարգսյանի ղեկավարությամբ:
1983 թվականին հաղթել է ԽՍՀՄ-ի պատանեկան առաջնությունում, իսկ 1984 և 1985 թվականներին՝ դարձել ԽՍՀՄ-ի մեծահասակների մրցաշարի մրցանակակիր: 1985 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ-ի հավաքականի կազմի մեջ՝ դառնալով Աշխարհի առաջնության գավաթակիր, իսկ 1986 թվականին նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
1985 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
1999 թվականից Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է և հայ օլիմպիականների միության նախագահը: 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է:
Ապրում է Երևանում: Լևոն Ջուլֆալակյանի որդիները նույնպես լրջորեն զբաղվում են հունահռոմեական ըմբշամարտով: Ավագ որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը (ծնվել է 1987 թվականին), Եվրոպայի (2009) և աշխարհի (2014) չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012):
2016 թվականին նրա գլխավորությամբ արդեն օլիմպիական չեմպիոն է դառնում Հայաստանի հավաքականի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Աշխարհում շատ քիչ են այն մարդիկ, որոնք օլիմպիադաներում հաղթանակի են հասել և որպես մարզիկ, և որպես մարզիչ:
Այսօր անվանի ըմբիշը աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ ղեկավարելով սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը:
AraratNews.am-ը սրտանց շնորհավորում է սիրելի մարզիկին և ցանկանում ամենայն բարիք: