Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Արման Թաթոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Պատգամավոր Արման Բաբաջանյանը ցանկացավ իմանալ ՄԻՊ-ի վերաբերմունքը տեղեկատվական ահաբեկչական տեռորի մասին:
Ի պատասխան՝ Թաթոյանը նշեց.
«Դիրքորոշումը նույնն է և ավելին՝ տարեկան զեկույցում ես ունեմ նույնիսկ բաժիններ, որոնք վերաբերում են որոշակի տեսակի, օրինակ, հաղորդումների հեռարձակմանը և այլն, որոնք կարող են ծնել կամ պարարտ հող ստեղծել այդ վիրավորանքի, ատելության և այլ խոսքի համար: Դատական համակարգի հետ կապված. դատական համակարգում լուրջ խնդիրներ կան, և մենք պետք է օր առաջ, շատ շուտ իրականացնենք դատական համակարգի բարեփոխումները, որովհետև այս միջանկյալ կամ սպասողական վիճակը խնդրահարույց է դատական համակարգի ինստիտուցիոնալ վստահության տեսանկյունից, ինստիտուցիոնալ հարգանքի տեսանկյունից, և մենք ամեն դեպքում պետք է նկատի ունենանք, որ դատական իշխանությունն անկախ և արդյունավետ պետք է լինի: Եվ դատական իշխանության երաշխավորումը շատ կարևոր է, ռազմավարական առումով շատ կարևոր է երկրի համար, որովհետև մենք այսօր էլ ունենք դատավորներ, ովքեր պատվով կատարում են իրենց գործը՝ իհարկե բարդ պայմաններում, բայց մենք ունենք նաև դատավորներ, ովքեր իրենց պահվածքով, վարքագծով կարող են վնասել դատական իշխանության հեղինակությունը և ստվերել: Հետևաբար, ես պատրաստ եմ բոլոր ռեսուրսները ներդնելով, ամեն հնարավոր կերպով աջակցելով՝ նպաստել բարեփոխման հարցերն առաջ տանելու և նաև խորհրդարանում քննարկումների մասնակցությանը: Դուք նաև մեզ առաջարկներ էիք ներկայացրել վեթինգի հետ կապված: Մենք հիմա դրանք ուսումնասիրել ենք և պատրաստ ենք դիրքորոշում հայտնելու, եթե խորհրդարանում ինչ-որ քննարկումներ ծավալվեն»: