Այսօր դերասան, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան օրն է։
Հայ թատրոնի անվանի դերասան ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝ Բաբկեն Ներսիսյանն այսօր՝ հուլիսի 18-ին կդառնար 101 տարեկան:
Բաբկեն Ներսիսյանը ծնվել է Թիֆլիսում 1917 թվականին և իր ստեղծագործական ուղին դերասանը սկսել է Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնից և շարունակել Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում մինչև իր կյանքի վերջին օրերը:
Բաբկեն Ներսիսյանը մարմնավորել է մի շարք կերպարներ հետևյալ ներկայացումներում` «Գիքոր», «Գոշ», «Անահիտ», «Արսեն», «Սեր և խարդավանք», «Քաջ Նազար», «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Իմ սիրտը լեռներում է», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» և ոչ միայն: Ամիսներ առաջ Աբովյան 21 հասցեում բացվեց հուշասյուն նվիրված՝ ժողովրդական արտիստի 100-ամյակին, քանդակը հեղինակել էին քանդակագործ Տիգրան Արզումանյանը և ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Դերասանի ծննդյան օրվա առթիվ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հոլովակ, որտեղ հայոց բեմի մեծ նվիրյալն ասմունքում է Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Սայաթ Նովայի, Գաբրիել Սունդուկյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները: