Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին, Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թ. մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Ղալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանավորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 մահմեդական, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է մահմեդական աշակերտներ չունենալու պատճառով։
1881-ին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
Զոհրապը նաև երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերությունների միջամտությանը։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։
1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց ականավոր գործիչ Գրիգոր Զոհրապը։