Արդեն գեղեցիկ տոնի վերածված այս ավանդույթը բոլորի համար դարձել է սպասված. փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:
Այս տարի ևս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:
Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:
Հիշեցնենք, որ գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։
Տոնը նշվում է փետրվարի 19–ին, և դա պատահական չէ։ Այդ օրը 1869 թվականին ծնվել է հայ Մեծ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։
Օրվա կապակցությամբ ամբողջ երկրով անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների և բանաստեղծների հետ։
Տոնի նպատակը` երիտասարդ սերնդին պատմության և մշակույթի, ընթերցանության նկատմամբ սեր սերմանելն է։ Այդ օրվա տոնական ավանդույթներից մեկը մտերիմ մարդուն հետաքրքիր գիրք նվիրելն է