Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է։ Լրացավ սիրված դերասանի 84 տարին։
Արմեն Ջիգարխանյանը բազմապրոֆիլ դերասան է, տաղանդավոր ռեժիսոր։ Նա դերակատարումների քանակով առաջատարն է խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանի կինոյում. նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմում։
Ջիգարխանյանի անձնական կյանքն ի սկզբանե հարթ չի եղել։ Փոքրիկ Արմենը դեռ մեկ ամսական էր, երբ ընտանիքից հեռացավ հայրը։ Առաջին անգամ դերասանը տեսել է հորը արդեն հասուն տարիքում։ Նրան դաստիարակել եւ մեծացրել է խորթ հայրը։ Ապա ամուսնություն։ Ընտանիք։ Ամուսնալուծություններ… Ճակատագրի չար կատակով ավտովթարի զոհ է դառնում դերասանի միակ դուստրը։ Այժմ նա ապրում է իր առաջին կնոջ հետ։
Վերջին շրջանում Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել է։ Սակայն նրա որդեգիր զավակը՝ Ստեփան Ջիգարխանյանը, վստահեցնում է, որ հոր հետ ամեն ինչ կարգին է։ «Արմեն Բորիսովիչի ինքնազգացողությունը հիանալի է։ Օգոստոսի վերջին նա դուրս գրվեց հիվանդանոցից եւ ասես երիտասարդացել է 10-15 տարով։ Ես դա կապում եմ Տատյանա Սերգեեւնայի հետ միանալու՝ զգացմունքային հակասթրեսի հետ (Տատյանա Վլասովան Ստեփանի մայրն է, Ջիգարխանյանի առաջին կինը)։ Շատ խնամված տեսք ունի»,- ասել է Ստեփանը «Teleprogramma.pro» հրատարակությանը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը նկարահանվել է «Ռուսական կայսրության թագը», «Անորսալի վրիժառուները» «Բարեւ, ես եմ», «Հարսնացու հյուսիսից», «Մենավոր ընկուզենի», «Ապրեցեք երկար», «Մխիթար սպարապետ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան 43», «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Եռանկյունի», «Տղամարդիկ», «Շունը դեզի վրա» եւ այլ կինոնկարներում։
Araratnews.am-ը շնորհավորում է սիրելի արտիստին, մաղթում քաջառողջություն։