տուն Քաղաքական Հայաստան Այսպես շարունակել նշանակում է չունենալ գործող Սահմանադրական դատարան. Վահագն Հովակիմյան

Այսպես շարունակել նշանակում է չունենալ գործող Սահմանադրական դատարան. Վահագն Հովակիմյան

408
0

Մեկնարկել է «ՍԴ շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը՝ առանց հանրաքվեի» թեմայով առցանց քննարկումը:

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում նշեց, որ կորանավիրուսային համավարակի մեկնարկի ժամանակ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, թե որքան այն կարող էր տևել, ուստի հանրաքվեն հետաձգվեց:

«Եվ այսօր մեկ բան է ակնհայտ, որ առաջիկա մեկ տարին մենք բնականոն կյանքի չենք վերադառնա: Մյուս կողմից՝ մենք ունենք սահմանադրական ճգնաժամ: Ճգնաժամն արդեն շատ երկար ժամանակ է շարունակվում և ևս մեկ-երկու տարի այսպես շարունակել նշանակում է չունենալ գործող Սահմանադրական դատարան: Ես պետք է պարզաբանեմ. երբ որ, օրինակ, ասում եմ գործող Սահմանադրական դատարան, ես նկատի չունեմ, որ ներկայիս Սահմանադրական դատարանը դե յուրե չի գործում: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ մենք չունենք Սահմանադրական դատարան, որը երբ որ որոշումներ է կայացնում՝ թեկուզև քաղաքական մեծամասնության սրտով, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները՝ ասենք ես, իմ գործընկերները համոզված լինենք, որ իրենք օբյեկտիվ են այդ որոշումը կայացնում, իրենց որոշման մեջ ենթատեքստ չկա, այսինքն՝ համոզված լինենք, որ իրենք այդ որոշումը կկայացնեն հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե նախորդ իշխանություններին, իրենց նախկիններին՝ գործընկերներին սպասարկելու և այլն: Այսինքն՝ այստեղ ամենակարևորը, որ մենք Սահմանադրական դատարանի հետ ունենք խնդիր, դա այդ օբյեկտիվությունն է: Երբ որ ՍԴ-ն որևէ հնչեղ հարց քննարկում է, որոշում է կայացնում, ես, օրինակ, համոզված չեմ՝ այդ որոշումը կայացնելիս իրենք այդպես են որոշել, որովհետև սահմանադրականությունն է այդպես պահանջում, թե՞ որովհետև իրենք ցանկացել են ինչ-որ մեկին ներքին լավություն անել, չգիտեմ՝ ինչ անել և այլն: Սա ուղղակի պարզաբանման համար, որովհետև, երբ որ ասում ենք՝ գործող Սահմանադրական դատարան չունենք, մեր ընդդիմախոս գործընկերներն ասում են՝ «Այնտեղ 9 հոգի նստած են, իրենց գործն անում են. ի՞նչ եք ուզում»: Այդպես չի. մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է անկախ, լիարժեք, հանուն Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրական դատարան: Այս իրավիճակում մենք պետք է լուծումներ գտնենք, այսինքն, ըստ էության, լուծումների տարբերակները: Եվ այդ գործընթացում գործողություններից մեկն էլ, որն արվել է՝ այս հարցերով արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի պատասխաններին սպասում ենք, որով էլ պայմանավորված՝ ենթադրում եմ, որ մեր հետագա քայլերի բովանդակային տրամաբանությունը նաև այդ հարցապնդումների պատասխաններով է պայմանավորված: Այսինքն՝ միջազգային փորձը, փորձագետների տեսակետները, կարծիքները, այս ամեն ինչը հաշվի առնելով, մենք պետք է գնանք խնդրի լուծմանը»: