Կրասնոդարյան դերբիից առաջ «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին հարցազրույց է տվել իր ակումբի պաշտոնական կայքին:
-Մարկոս, դու արդեն խաղացել են կրասնոդարյան դերբիում` հանդես գալով «Կուբանի» կազմում: Ի՞նչ զգացմունքներ ունեիր այն ժամանակ:
— Նման խաղերը շատ յուրահատուկ են: Զգացմունքները չափազանց շատ են, երբ խաղն ինտենսիվ է անցնում՝ շատ մենամարտերով: Երկու կողմերն էլ երազում են միայն հաղթանակի մասին` և՛ ակումբի նախագահները, և՛ երկրպագուները, և՛ մարզիչները, և՛, իհարկե, հենց իրենք՝ խաղացողները: Դերբիում խաղաղ արդյունքը ոչ մեկին պետք չէ, և մրցաշարային դիրքն այստեղ նշանակություն չունի: Այդ պատճառով, խաղադաշտ ես դուրս գալիս առավելագույն մոտիվացիայով, որպեսզի գերազանցես մրցակցին:
— Գավաթային խաղում դու «Կուբանի» կազմում գոլ խփեցիր «Կրասնոդարին», որը միակն էր և հաղթականը: Երևի այն ժամանակ քեզ շատ էին շնորհավորում:
— Այո, այն ժամանակ ինձ շատ շնորհավորեցին: Շատ հեռախոսազանգեր, կարճ հաղորդագրություններ, նվերներ էին ուղարկում, ջերմ խոսքեր ասում: Գերազանց էր, և չեմ թաքցնում` այն ժամանակ ես երջանիկ էի:
— Կրասնոդարյան դերբիին նման մրցամարտերում այլ առաջնություններում մասնակցե՞լ ես:
— Հայաստանում նման բան եղել է, սակայն այնտեղ դա այդքան էլ նշանակալի, լայնածավալ իրադարձություն չէր, ինչպես այստեղ: Դոնեցկում էլ կա դերբի` «Շախտյորի» և «Մետալուրգի» միջև, սակայն դրա ելքը կանխատեսելի է, և այդ պատճառով շատ հայտնի չէ: Կրասնոդարում դերբիին մասնակցող երկու թիմերը գրեթե հավասարազոր են, իսկ խաղի ելքը կանախատեսել դժվար է, և դա էլ ավելի մեծացնում է հետաքրրքությունը դրա նկատմամբ:
-Ինչպե՞ս ես նախապատրաստվում դերբիին, արդեն որպես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ:
-Դերբիին նախապատրաստվելը միշտ էլ լարված աշխատանք է, ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, մարզումների հաճախակիությամբ: «Կրասնոդարն» այս առումով բացառություն չէ: Մեր ամբողջ թիմը տրամադրվել է այս խաղին ամենայն լրջությամբ:
-Եթե գոլ խփես, կնշե՞ս այն:
— Հարգում եմ «Կուբանը» և նրա երկրպագուներին, նրա ֆուտբոլիստների շարքերում շատ ընկերներ ունեմ: Սակայն եթե ինձ հաջողվի աչքի ընկնել, այնպիսի տոնակատարություն կկազմակերպեմ, որը կրասնոդարյան մարզադաշտը դեռ չի տեսել: Չէ՞ որ սա դերբի է: Սակայն նախ պետք է հայտնվել հիմնական կազմում, որից հետո էլ` գոլ խփել: