Մայիսին համաշխարհային շուկայում նավթի և գազի գներն անկում ապրեցին: Եվ քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապրիլին գազի գինը բարձրացնելու նպատակով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Araratnews.am-ը դեռեւս մայիսի 27-ին գրավոր հարցում էր ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որպեսզի պարզի, թե գազի համաշխարհային գնանկումն ինչպես կազդի Հայաստանում գազի գնի վրա:
Ի պատասխան հարցմանը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են.
«ՀՀ ներկրվող բնական գազի գինը 2019 թ. հունվարի 1-ից բարձրացել է 15 ԱՄՆ դոլարով՝ սահմանվելով 165 ԱՄՆ դոլար/հազ.խ.մ և, քանի որ ՀՀ ներքին շուկայում սպառողների սակագների հաշվարկի հիմքում դրված է 150 ԱՄՆ դոլար/հազ.խ.մ գնման գինը, սակագները անփոփոխ թողնելու արդյունքում այդ բարձրացման ֆինանսական ողջ բեռը առ այսօր թողնված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-
ին:
Ինչպես 2019 թ.-ին բանակցային գործընթացում, այնպես էլ առ այսօր ՀՀ մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցությունների կողմ են հանդիսանում «Գազպրոմ» ՀԲԸ-ն և ՀՀ կառավարությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներգրավված չէ ՀՀ մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցային գործընթացում:
Ինչ վերաբերում է հանրապետության ներքին շուկայում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 01.04.2020 թ. ՀՀ ՀԾԿՀ ներկայացրած հայտում ներառված բնական գազի գնման գնի մեծությանը, ապա այն համապատասխանում է ներկայումս գործող 165 ԱՄՆ դոլար/հազ.խ.մ արժեքին և հետագայում ՀՀ մատակարարվող բնական գազի գնի այլ մեծություններ
սահմանվելու դեպքում, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, այնպես էլ ՀՀ ՀԾԿՀ-ն իրավասու են նախաձեռնել ներքին սպառողների սակագները համապատասխան վերանայման գործընթացը:
Տեղեկացնում ենք նաև, որ հարցի վերաբերյալ մանրամասներ ներկայացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ – Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանի կողմից՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հունիսի 4-ին կազմակերպված՝ սպառողներին վաճառվող
բնական գազի սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկման ընթացքում»:
Այսպիսով՝ համաշխարհային շուկայում բնական գազի գնի նվազմանը զուգընթաց ՀՀ-ում գնի փոփոխության մասին տեղեկություն այդպես էլ չստացանք:
Հայկ Մագոյան