ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօրˋ Ազգային ժողովում, մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՄԻՊ-ի հրապարակած երեկվա զեկույցի օրենսդրական մասը ինքը քննարկել է Կարեն Անդրեասյանի հետ:
Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշումներին եւ կաշառք վերցնելու սակագներին, որոնք հրապարակվել են զեկույցում, Հրայր Թովմասյանն ասաց.
«Դատավորի նկատմամբ ճնշումը քրեորեն պատժելի արարք է, և դատավորը, եթե իր նկատմամբ ճնշում կա ու չի հայտարարում այդ մասին, սա էլ է քրեորեն պատժելի: Իրենք պարտավոր են դրա մասին ասելու, և եթե կա այդպիսի բան, պետք է իրենք ռիսկ ունենան, կամք ունենան այդ մասին բարձրաձայնելու: Այսինքն սա է ճանապարհը, իսկ մնացածըˋ կաշառքի չափ եւ այլն, իրենց մեջ կոնկրետության անհրաժեշտություն ունեն: Ո՞վ էր, ու՞մ էր, ի՞նչ գործով էր, ո՞ր դեպքերն էր»,-ասաց Հրայր Թովմասյանը և հավելեց, որ զեկույցը հրապարակելուց հետո հաջորդ քայլ այն պետք է լինի, որ այդ տվյալները ներկայացվեն դատախազություն:
Լրագրողների այն հարցին, թե քննարկել է Կարեն Անդրեասյանի հետ այդ դեպքերը, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ Մարդու իրավունքների պաշտպանըˋ դատավորների վրա ճնշումների գնահատականը ոչ մեկի հետ պարտական չի քննարկել:
«Իսկ զեկույցում եղած օրենսդրական մասը մենք ՄԻՊ-ի հետ բազմիցս ենք քննարկել: Ինքըˋ ՄԻՊ-ը, պարտականություն չունի քննարկելու օրենսդրության հետ կապված մասը զեկույցում: Գոյություն ունի նախագահի հրամանագիր կառավարության գործունեության կարգի վերաբերյալ, որը ասում է, որ մարդու իրավունքների վերաբերող օրենսդրական ակտերը ուղարկվում են ՄԻՊ-ին: Այն մասը, որը վերաբերում է օրենսդրությանը, մենք ստացել ենք, քննարկել ենք: Մի մասը ընդունել ենք, մի մասը չենք ընդունել, բայց քննարկումներ եղել է, ու այս մասով այս հարցը ամբողջովին փակված է»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Լիլիթ Առաքելյան