Լրագրող և հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ես պատերազմը համարում եմ ամենամեծ չարիքը։
Այդպիսով, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես մարդկությունը չի կարողացել 21-րդ դարում հաղթահարել այդ սարսափելի հանցագործությունն ու կանխարգելման կայուն և արդյունավետ մեխանիզմներ ստեղծել՝ 20-րդ դարում՝ ունենալով երկու սարսափելի պատերազմ ու քիչ դասեր քաղելով դրանցից։ Իհարկե, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տեղի ունեցած շոշափելի առաջընթացը կապվում է նաև անցած դարի դասերի հետ, և, որոշակիորեն, հանդիսանում է որպես համամարդկային արհավիրքների կանխարգելման մեխանիզմ։ Ինչպես նաև, կարևոր է դիտարկել դիվանագիտական հարաբերություններում գրանցված առաջընթացն ու ազգային պետությունների միջև այդ հարաբերությունների առավել մեծ ընդգրկումն ու ակտիվությունը։ Սակայն, քանի դեռ դիվանագիտությունը այդքան էլ չի կարողանում խոսքն ու միտքը դարձնել հակամարտությունների կարգավորման միակ գործիքը, մենք մնում ենք դարերով փորձարկված մեթոդների համատեքստում։
Այսօր՝ Հայաստանի զինված ուժերի կազմավորման օրը ուզում եմ մտածենք, թե ինչ է իրենից ներկայացնում բանակը՝ 21-րդ դարի այժմեականության համար։ Իրականում դա իրավապաշտպան կառույց է՝ պետության սուվերենության իրավունքն է պաշտպանում, ուստի, կոչված է ապահովելու Հայաստանի պաշտպանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը։
Այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի բանակում ծառայության անցած յուրաքանչյուր քաղաքացի՝ լինի դա ժամկետային, թե պայմանագրային զինծառայող, վստահ լինի, որ այդ կառույցի ներսում ինքը պաշտպանված է, անվտանգ միջավայրում է ծառայում, և չի ենթարկվի որևէ խտրականության, բռնության՝ ծառայակիցների, սպայակազմի, կամ բարձր ղեկավարության կաղմից։
Կարողանու՞մ ենք մենք ապահովել այդ միջավայրը, և եթե չենք կարողանում, ապա ինչու՞։
Երկրում չկա ընտանիք, որ չունենա նախկին, ներկա կամ պոտենցիալ զինծառայող, և այդ կառույցի հանդեպ ուշադրությունն ավելին է, քան ցանկացած այլ ոլորտի հանդեպ։ Ուստի, մենք պետք է լրջագույնս վերափոխենք մեր վերաբերմունքը բանակի նկատմամբ, այն ռազմահայրենասիրական հարթությունից տեղափոխելով իրավական հարթություն։
Այդ է այսօրվա հրամայականը»։