Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Հայկ Մարությանը:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:
Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»,- գրել է Մարությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպար համայնքի մանկապարտեզի շենքը։