ՀՀ-ում, արտակարգ դրության պայմաններում, բուհերն ու դպրոցները հեռավար ուսուցման են անցել: AraratNews.am-ն այս ընթացքում բազմիցս կապ է հաստատել հանրապետության քաղաքային ու գյուղական դպրոցների տնօրենների հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ընթանում ուսումնական գործընթացը:
Արդյոք հեռավար դասերը բավարար կլինե՞ն ամբողջ ուսումնական կիսամյակի համար: Այս հարցի շուրջ AraratNews.am-ը զրուցել է ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ:
«Նախարարն էլ է ասել, և բազմիցս հայտարարել ենք, որ այս պրոցեսում որպես գործընկեր դիտարկում ենք մանկավարժներին: Յուրաքանչյուր ուսուցիչ գիտի, թե ամեն դասարանում որքանով արդյունավետ է ներկայացրել ուսումնական պլանը: Դրանից կախված, երբ որ կամփոփվեն արդյունքները, արդեն եզրակացություն կարվի և որոշում կկայացվի՝ կարիք կա՞ լրացնելու դասերն ասենք հունիսին՝ պայմանական, թե՞ չկա այդ անհրաժեշտությունը: Այս պահի դրությամբ դեռ դրա մասին ոչինչ ասել չենք կարող, որովհետև դեռ ամփոփված չեն այդ արդյունքները: Արդեն հայտարարել ենք, որ հեռավար դասապրոցեսին 85 տոկոս ներգրավվածություն կա»,- ասաց Օֆելյա Կամավոսյանը:
Օֆելա Կամավոսյանն ընդգծեց, որ այն աշակերտները, ովքեր ուղղակիորեն չեն մասնակցում հեռավար դասերին, տնային առաջադրանքը վերջիններիս փոխանցվում է այլ եղանակով՝ օրինակ հեռախոսազանգի միջոցով:
Օֆելյա Կամավոսյանը հավելեց, որ թեմատիկ աշխատանքների ու ավարտական քննությունների վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել:
Օլյա Շահինյան