Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը մարզի թերևս ամենամեծ ներդրումային նախագծերից է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
«Եվ նոր աշխատատեղերի ստեղծման իմաստով, թե տնտեսության զարգացման իմաստով, և թե վճարվող հարկերի իմաստով՝ դա շատ մեծ պրոյեկտ է տնտեսական իր բոլոր հնարավոր արդյունքներով: Պրոյեկտը ամբողջությամբ չի իրականացվում, բայց մեր մարզի Գնդեվազ եւ Սարավան համայնքները, որի տարածքում գտնվում է այդ հանաքավայրը, ստանում են մեծ չափի հողի վարձակալական վճարներ, որոնք ուղղվում են համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Այսինքն տնտեսական առումով այդ հանքավայրի շահագործումը շատ ձեռնտու է»,-ասում է Ղազարյանը:
Նրա խոսքով՝ ինչպես ցանկացած հանքարդյունաբերական ծրագիր, այնպես էլ սա, իր մեջ պարունակում է բնապահպանական ռիսկեր:
«Դրանց վերաբերյալ ժամանակին հնչեցրել ենք և հիմա էլ շարունակում ենք ակտուալ պահել մեր մտահոգությունները, որոնք դիտարկելի են ե´ւ Ջերմուկ քաղաքի զարգացման իմաստով ե´ւ բնապահպանական իմաստով: Դա է պատճառը, որ հանքավայրի շահագործման պլանները փոխվել են եւ հիմա, ըստ էության, հանքավայրը չի շահագործվում, որովհետեւ ընկերությունը միշտ դիտարկում է մեր հնչեցրած մտահոգությունները ու փորձում մշակել հանքի շահագործման այնպիսի ծրագիր՝ սոցիալական պատասխանատվության դերակատարմամբ, որը նվազագույն ազդեցություն պետք է թողնի թե´ բնության, թե´ Ջերմուկի զարգացման ծրագրի վրա: Այդ հանքավայրի շահագործումը ոչ մի կերպ չպետք է բացասաբար անդրադառնա Ջերմուկի՝ որպես տուրիստական կենտրոնի զարգացման վրա, եւ մեր ուշադրության կենտրոնում է»,-ասաց Ղազարյանը:
Նա հավելեց, որ հանքաքարի մշակում չի իրականացվում եւ առայժմ որեւէ խնդիր գոյություն չունի:
«Բոլոր ռիսկերը գնահատվում են, կշռվում են, որպեսզի յուրաքանչյուր հավանական ազդեցություն՝ հանքը շահագործելու տրամաբանությամբ, լինի նվազագույն»,-եզրափակեց Ղազարյանը:
Լիլիթ Առաքելյան