«Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են, կպաշտպանեմ այդ նախագիծը։ Եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի չեն, չեմ պաշտպանի այն»․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Գերմանիայում է։ Փետրվարի 13-ին Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում կազմակերպված քննարկմանը մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ է մտածում Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման մասին։
«Դուք գիտեք, որ մենք բոլորս ունենք մտահոգություններ՝ կապված այդ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի հետ։ Ես անձամբ՝ որպես Հայաստանի վարչապետ, հավասարապես շահագրգիռ եմ և հավասարապես շահագրգիռ չեմ, որ այդ հանքը շահագործվի»,- ասել է Փաշինյանը։
«Շահագրգիռ եմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանին անվերականգնելի բնապահպանական վնասներ չի պատճառի։ Շահագրգիռ չեմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանում բնապահպանական աղետների կհանգեցնի»,- պարզաբանել է վարչապետը։
Մանրամասը` ներկայացվող տեսանյութում: