Նոր Զելանդիայի կառավարությունը դադարեցրել է Ռուսաստանի հետ բանակցությունները, որի նպատակն էր Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելը: Նման որոշման պատճառը Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելն է: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Նոր Զելանդիան, հետևելով արևմտյան իր գործընկերներին, որոշել է սահմանափակել ռուսական կողմի հետ համագործակցությունը մինչև ուկրաինական ճգնաժամի կարգավորումը: Նոր Զելանդիայի առևտրի նախարար Թիմ Գրոսերը կլքի Մոսկվան, ով վերջին օրերին բանակցություններ էր վարել ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Բացի այդ, Նոր Զելանդիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են, որ «անթույլատրելի են համարում ռուսական կողմի գործողություններն Ուկրաինայում»:
Տեղեկացնենք նաև, որ այսօր ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանի գյուղապրանքների վերահսկողության հանձնաժողովի պատվիրակության մուտքը ԱՄՆ: