ԱՄՆ իշխանությունները քննադատել են կառավարական ուժերի կողմից Դամասկոսի արվարձանների երկարատև շրջափակումը և կոչ են արել իշխանություններին հնարավորություն տալ հումանիտար օգնություն հասցնել այնտեղ։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին։
Նա անթույլատրելի և աննախադեպ է համարել այն երևույթը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի նստավայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա երեխաները սովամահ են լինում։ Ըստ պետքարտուղարության ներկայացուցչի, պաշտոնական Դամասկոսի մեղավորությունն ամենևին չի մեղմվում նույնիսկ այն բանից հետո, երբ սահմանափակ քանաքակությամբ մարդկանց այդուամենայնիվ թույլատրել են լքել այդ շրջանները։
BBC-ն հաղորդում է, որ Դամասկոսի առնվազն երեք շրջան՝ Ղուտան, Մուդամիան և Յարմուքը մի քանի ամիս շարունակ գտնվում են կառավարական ուժերի շրջափակման մեջ , մարդիկ այստեղ մնացել են առանց առաջին անհրաժեշտության ապրանքների։
Հիշեցնենք, որ նախօրեին մուսուլման հոգևորականները թույլատրել էին այս շրջանների բնակիչներին ուտել շան և կատվի միս, ինչն արգելված է մյուս մուսուլմաններին։