Միացյալ նահանգները մտադիր են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշակել բանաձև, որը նախատեսում է տնտեսական պատժամիջոցների վերականգնում Թեհրանի նկատմամբ, եթե իրանական կողմը խախտի Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները։
CBS հեռուստաալիքի եթերում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն ասել է, որ նման փաստաթուղթը մեխանիզմ կստեղծի պատժամիջոցների ավտոմատ վերականգնման համար։ «Առայժմ մենք չենք մշակել նման բանաձև։ Սակայն դա կարելի է անել»,- ասել է Ռայսը՝ նշելով, որ միաժամանակ լինելու է բանաձևի նախագիծ, որը նախատեսելու է Իրանի և Վեցյակի միջև կարգավորման համապարփակ փաստաթուղթ։