Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային Սիրիայի հյուսիս-արևելքում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում, գրում է The New York Times-ը՝ ամերիկյան ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությանը հղումով։
«Հեռախոսազրույցի շրջանակում նախարար Էսպերը վճռականորեն կոչ է արել Թուրքիային դադարեցնել (ներկայիս) գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի մեծանան Միացյալ Նահանգների, Թուրքիայի և մեր գործընկերների՝ իրադրության ապաէսկալացման ընդհանուր ելք գտնելու հնարավորությունները, նախքան գործողությունները անդառնալի հետևանքներ կունենան», — ուրբաթ լրագրողներին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: