Տնային տնտեսությունների քանակը ավելի քան 1 մլն դոլար ակտիվներով 2013թ. ԱՄՆ-ում կազմել է 9.63 մլն, որը ռեկորդային է համարվում երկրի պատմության մեջ։ Այս տվյալները հրապարակվել են Spectrem Group ընկերության
հաշվետվությունում։
Նախորդ ռեկորդը՝ 9.2 մլն տնտեսություն, գրանցվել է 2007թ., ֆինանսական ճգնաժամից առաջ։ 2008թ ԱՄՆ միլիոնատերների քանակը կրճատվել է շուրջ 30%-ով սկսված գլոբալ տնտեսական անկման պատճառով։
Փորձագետները ակտիվներում չեն ներառել ապրելու համար օգտագործվող անշարժ գույքը։
«Ֆոնդային շուկաների աճի եւ անշարժ գույքի շուկայի շնորհիվ ունեւոր մարդիկ վերջապես կարողացան վերականգնել կորուստները, որոնք պատճառվել էին տնտեսության անկման պատճառով»,- հայտարարել է Spectrem Group-ն նախագահ Ջորջ Ուոլփերը։
Ինչպես նշվում է հաշվետվությունում, ԱՄՆ միլիոնատերները իրենց կարողությունները պահպանելու եւ բազմապատկելու համար գերադասում են կատարել արտասահմանյան ֆոնդային շուկաներում ինվեստիցիաներ։ Նրանց գրավում են ինչպես առանձին ընկերությունների ակցիաները, այնպես էլ փոխադարձ հիմնադրամները։