ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, և հայտնել, որ հիասթափված է Ուկրաինայի կառավարության այն որոշմամբ, որով դադարեցվել է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրին Ուկրաինայի միանալու գործընթացը։ Ասվում է ԱՄՆ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
«Փոխնախագահ Բայդենն իր հիասթափությունն է հայտնել Ուկրաինայի կառավարության կողմից ԵՄ-ի հետ ասացացման մասին պայմանագրին և ազատ առևտրի գոտուն միանալու գործընթացները դադարեցնելու կապակցությամբ», — ասվում է հայտարարության մեջ։ Փոխնախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ Եվրոպայի հետ ինտեգրումն Ուկրաինային ռազմավարական լուրջ հնարավորություն կընձեռի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման առումով։ «Փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինայի ժողովրդին և եվրոպական ինտեգրման նրա ակնկալիքներին», — եզրափակել է Սպիտակ տունը։