տուն Քաղաքական Վերլուծական ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասնաբար շախ են հայտարարում «ծեր Եվրոպային»

ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասնաբար շախ են հայտարարում «ծեր Եվրոպային»

390
0

Barack Obama, Vladimir Putin

Արևելյան գործընկերության և ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերը, մեղմ ասած, չեն համընկնում: Այս զարգացումներում ԱՄՆ-ի պասսվ դերակատարությունը կարծես խոսում է ԱՄՆ-Ռուսաստան նոր պայմանավորվածությունների մասին: Եվրամիությունը աստիճանաբար ընդլայնվելով՝ կարծես ձեռք էր բերում առանձին աշխարհաքաղաքական կենտրոնի կարգավիճակ` ինչը կարող էր դուր չգալ ԱՄՆ-ին:

Հնարավոր պայմանավորվածության մասին են վկայում նաև սիրիական հարցում ռուսական դերակատարության մեծացումը, ինչը առաջին հայացքից հակասում էր ԱՄՆ-ի շահերին և պետք է խոչընդոտվեր վերջինիս կողմից: Մյուս կողմից` վեցյակի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, ինչը, եթե դիտարկենք մի քանի ամիս առաջվա դիտանկյունից, վստահաբար հակասում է Ռուսաստանի շահերին: Հետևաբար, նման պայմաններում Ռուսաստանը պետք է ամեն ինչ աներ այս համաձայնությունը վիժեցնելու համար:

Այս կոնտեքստում բավական հետաքրքրական է  ԱՄՆ պետդեպարտամենտի տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի՝ Վաշինգտոնում տեղի ունեցած 22-րդ նիստի ընթացքում ձեռք բերված նախնական համաձայնությունը, որ Ամերիկյան Contour Global մասնավոր ընկերությունը պատրաստվում է 180 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Հատկանշական է, որ սա կլինի պատմության մեջ ամենամեծ ամերիկյան ներդրումը Հայաստանում, և սա այն դեպքում, երբ Հայաստանը գնում է Մաքսային միությանն անդամակցության ճանապարհով:

Նախկինում եղած  քաղաքական իրավիճակի ու դասավորումների պարագայում Ռուսաստանը չէր կարող հանդուրժել Ամերիկյան կապիտալի մուտքը Հայաստան, այն էլ` իր կողմից գրեթե մոնոպոլիզացված էներգետիկ ոլորտում: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ՀՀ ներկայիս իշխանությունները հանդիսանում են ընդամենը Կրեմլում կայացված որոշումները հայտնող մեդիադեմքեր, ավելի քան հստակ է դառնում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա իրավիճակի փոփոխությունը:

Այսպիսով, կարծես ԱՄՆ-ը և Ռուսաստանը այս փուլում միասնաբար շախ են հայտարարում «ծեր Եվրոպային»:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here