Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Համանման բանաձև պետք է ընդունի նաև ԱՄՆ Սենատը, և միայն դրանից հետո կհամարվի, որ ԱՄՆ-ը ճանաչել է Ցեղասպանությունը։
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե Սենատը երբ հարցը կբերի օրակարգ։
Հայկական կողմը մեծ ոգևորությամբ ընդունեց այս բանաձևը՝ այն համարելով պատմական։
Բայց մի փոքր պատմական անդրադարձ կատարենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևերին և դրանց հաջորդականությանը՝ պարզելու, թե քանի անգամ է Ցեղասպանության հարցը հայտնվել Ներկայացուցիչների պալատում։
Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ը փաստացի 4 անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Առաջին որոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայացվել է 1916 թ. ԱՄՆ Սենատի կողմից։
Այնուհետև՝ 1919-ին, ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտը, որը ևս վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը։
Ավելին, ԱՄՆ կառավարությունն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951 թվականին, երբ պաշտոնական զեկույց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հայտնի որպես Համաշխարհային դատարան, որտեղ նշվում է 20-րդ դարում տեղի ունեցած երկու ցեղասպանությունների մասին՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին, երկու դեպքում էլ օգտագործելով «ցեղասպանություն» բառը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1996, 2007, 2010 թվականներին ևս ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձև։
Մինչ այսօր ԱՄՆ 50 նահանգներից 49-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանին դրական առումով ինչ կտա՝ մասնագիտական շրջանակներում տարբեր կերպ են մեկնաբանում՝ շեշտելով, որ ամեն ինչ մեր կողմից վարվող քաղաքականությունից է կախված։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը վստահ է, որ բանաձևը դրականորեն կանդրադառնա մեզ վրա։ Թուրքագետի խոսքով, եթե բանաձևը ոչինչ չտար, ապա Թուրքիան տարեկան միլիոնավոր դոլարներ չէր ծախսի դրանց դեմ պայքարի համար․ «Ներկայացուցիչների պալատի վերջին որոշումը փաստեց Թուրքիայի նկատմամբ Հայաստանի աճող հեղինակության մասին»:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը դեռևս առաջին քայլն է, և Սենատում նույնպես պետք է համանման բանաձև քվեարկության դրվի, ընդունվելուց հետո միայն կարող ենք համարել, որ ԱՄՆ օրենսդիրը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Սարգսյանը բանաձևի ընդունումը հայկական կազմակերպությունների և համայնքի հաղթանակն է համարում։ «Թե ինչ կտա մեզ այս բանաձևի ընդունումը, կախված է նրանից, թե ինչպես մենք կկապիտալիզացնենք այս ձեռքբերումը»,- ասաց նա։
Քաղաքագետի համոզմամբ, հարցը արագ պետք է բերել Սենատի օրակարգ․ «Քանի տրամադրությունները դրական են, արագ ընդունեն նաև բանաձև Սենատում»։
Արդյոք բանաձևի ընդունումը կարո՞ղ ենք քաղաքական հաղթանակ համարել․ «Այո, կարող ենք սա հաղթանակ համարել, որովհետև սա մեր համայնքի և լոբբիստների ակտիվ աշխատանքի արդյունքում տարված հաղթանակն է, մանավանդ, որ ձայների հարաբերակցությունը չափազանց տարբեր էր՝ 405 կողմ, 11 դեմ. սա կարևոր է»։
Իսկ այն, որ նախկինում ևս նմանատիպ բանաձևեր ընդունվել են Ներկայացուցիչների պալատի կողմից, գուցե այս մե՞կն էլ մյուսների ճանապարհով գնա, քաղաքագետն արձագանքեց․ «Նախկինում բանաձևեր են եղել, որոնք օրենքի նախագիծ են եղել և չեն հասել քվեարկության, եղել են բանաձևեր, որոնք դրվել են քվեարկության, բայց համապատասխան ձայներ չեն հավաքել, եղել է, որ հանձնաժողովներում են քվեարկել, բայց չեն բերվել քննարկման։ Սա տարբերվում է բոլոր բանաձևերից նրանով, որ պարտադիր իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, սա օրենքի նախագիծ չէ, չպիտի գնա Սենատի հաստատմանը և նախագահի վավերացմանը, այն բանաձև է, որը փոփոխման ենթակա չէ»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի գործոնին, գուցե նրա վրա ճնշում գործադրելու համար է ընդունվել այս հայանպաստ բանաձևը․ «Իհարկե, կա Թուրքիայի գործոնը, բայց պետք է հաշվի առնենք, որ բանաձևի քվեարկությունից հետո, անմիջապես քվեարկության դրվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման բանաձևը։ Եվ մեծ հաշվով, եթե Թուրքիային պատժելու լինեին, ապա պատժամիջոցը բավարար էր։ Սա ինչ-որ առումով բարոյական պարտավորություն էր Ներկայացուցիչների պալատի համար»։
Նշենք, որ չի ուշացել նաև Թուրքիայի արձագանքը։ Երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ամոթալի է համարել այս բանաձևի ընդունումը։ Իսկ Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։
Նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը «քաղաքական դրդապատճառներով ընդունված որոշում է» և «չունի պատմական և իրավական հիմք»:
Ինչեւէ, կարտասանի՞ ԱՄՆ գործող նախագահը Ապրիլի 24-ի իր հերթական ելույթում «Ցեղասպանություն» բառը՝ ցույց կտա ժամանակը։
Լիլիթ ՄԽԻԹԱՐՅԱՆ